CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

«Չալաղաջային» դիվերսիա կամ մնեմոցիդը՝ որպես պետական ծրագիր

«Չալաղաջային» դիվերսիա կամ մնեմոցիդը՝ որպես պետական ծրագիր
22.04.2026 | 18:36

Ապրիլի 24-ի նախօրյակին, երբ հանրությունը պատրաստվում էր ամենամյա ջահերով երթին՝ դեպի Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, լրահոսը բոլորի սեղաններին անխտիր, որպես «տոնական» սառը նրբախորտիկ, մատուցում էր Ամիրյան փողոցի «խորոված-փարթիի» հրավերը։

Ազգային հիշողության ու արժանապատվության դեմ ուղղված այս խոզահոտ մարտահրավերը մատուցվում էր շաբաթօրյա զվարճանքի ու «մեգահամերգի» շղարշ-խայծով՝ ցուցադրաբար անտեսելով հանրության «քիմքային առանձնահատկություններն» ու էթիկական բոլոր նորմերը։

Գովազդային գործակալի ֆունկցիան ստանձնած «ցիլոյավորը», անպատեհ ու երջանիկ ժպիտը դեմքին, լրահոսից «ավետում» էր.

«Շաբաթ օրը, ամսի 25-ին, նշում ենք «Քաղաքացու օրը»։ Այդ օրը ժամը 13-ից Ամիրյան փողոցի վրա լինելու է «խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն...»։

Ապրիլի 24-ի սգո լռությունը բացարձակ «չճաշակած»՝ երկրի իբր թիվ մեկ պատասխանատուն արդեն «խորովածային» էքստազի մեջ էր՝ խոստանալով ներկա գտնվել կերուխումին և հույս հայտնելով այնտեղ տեսնել բոլորին։

Անբարոյական այս Reels-ը ոչ թե պարզ հրավեր էր, այլ հրապարակային ցուցադրություն, թե ինչպես կարելի է անցնել սեփական ժողովրդի ցավի ու հիշողության վրայով՝ ձեռքին մի կտոր չալաղաջ ու լավաշ, դեմքին՝ հաղթական «թավշյա» ինքնագոհություն։

Համատեղությամբ վարչապետ աշխատող գովազդային գործակալի այս «ավետիսը» սեփական արժեհամակարգի վրա թքելու բացահայտ լպիրշ դրսևորում է, որ ստիպում է կենտրոնանալ էությամբ դաժան ու սարսափազդու «մնեմոցիդ» եզրույթի վրա։

Հանրությանը բառացիորեն գրոհող «էստի համեցեք»-ը սովորական զվարճանքի հրավեր չէ, այլ ազգային հիշողությունը խորովածի ճենճահոտ ծխի մեջ խեղդելու և ժողովրդին սեփական անցյալից ու ցավից օտարելու հետևողական գործողություն։

Եթե ցեղասպանությունը՝ գենոցիդը, մարդկանց ֆիզիկական բնաջնջումն է, ապա մնեմոցիդը նրանց հավաքական հիշողության կանխամտածված սպանությունն է։

Մնեմոցիդ է, երբ համակարգված կերպով թիրախավորվում և ոչնչացվում են ազգի ինքնությունը պահպանող բոլոր հենասյուները՝ սկսած պատմական հիշողությունից մինչև բարոյական սահմաններ։

Վարչապետ կոչվածի «չալաղաջային» հրավերն իրականում հայի՝ հոգեվարքի մեջ գտնվող արժանապատվության վերջին արարն է, որը շողոմ ժպիտներով մատուցվում է որպես «տոն»։ Այդ սահմանից անդին սկսվում է հավաքական ինքնության վերջնական կորուստը՝ համեմված խորոված խժռողների ճպճպոցներով ու ատամնաթափ հաղթական ժպիտներով։

Նմաններին ի՞նչ, թե իրենց «տեսակի» թռչկոտելուն համընթաց Արցախում ոչնչացվում են մեր տաճարները, հուշարձաններն ու նախնյաց գերեզմանները, որպեսզի ապագա սերունդները չունենան սեփական արմատների և ոչ մի ֆիզիկական ապացույց։

Ստամոքսի գերիներին ի՞նչ, որ Ալիևին սինքրոն՝ տեղական «իլհամիկը» մեր դասագրքերից հետևողականորեն հեռացնում է ազգի բախտորոշ իրադարձությունները, աղավաղում փաստերը, կրթամշակութային հաստատություններից տոտալ ջնջում «Փառքի անկյուններն» ու ազգային հերոսների հիշատակը։

Թռչկոտող երկոտանիները որտեղի՞ց իմանան, որ իրենց խորովածակերությամբ պղծում են 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Նրանց հասու չէ, որ երբ սգո օրը փոխարինվում է խրախճանքով, հետևողականորեն «լվացվում» է ազգի հավաքական հիշողությունը. մարդկանց սովորեցնում են վանել ցավը, չհիշել ու չպահանջել, ի վերջո, ստանալով «չգրված» ուղեղներ՝ tabula rasa-ներ։

Իսկ հիշողությունից զրկված ժողովուրդը նման է ամնեզիայով տառապող հիվանդի, ում կարելի է հրամցնել ցանկացած սուտ։ Կարելի է ստիպել, որ ազգը սիրի իր դահճին կամ հրաժարվի հայրենիքից ու հողից, որովհետև այլևս չի զգում հոգևոր կապն իր արմատների հետ։ Սա է պատճառը, որ Արցախն ու արցախահայությանը որպես պարանոցին հագցրած թոկ համարող նախիրն այսօր անտարբեր է սեփական կորստի հանդեպ։

Նմանները ո՜նց գիտակցեն, որ մնեմոցիդը ցեղասպանության վերջին ու ամենադաժան փուլն է։

Ինչպես պնդում են տեսաբանները, ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ չի իրականացվել մնեմոցիդը։ Գենոցիդը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ժառանգները հիշում են եղելությունը։

Բայց երբ ցեղասպանության զոհերի՝ «միջին վիճակագրական սպառողի» վերածված թոռները պապերի սպանդի հիշատակի հաջորդ օրը, Ամիրյան փողոցում խորոված հոշոտելուց հետո տռզած ստամոքսով պարում-ոռնում են երկրի գլխավոր հրապարակում, նշանակում է՝ դահիճը հասավ իր վերջնական նպատակին։

Մնեմոցիդի ամենավտանգավոր գործիքը սպառողականությունն է։

Պատահական չէ, որ «Խորոված-փարթիի» գլխավոր ռեժիսորն ու սցենարիստն առաջարկում է «ապրել այսօրվա օրով», «նայել ապագային» կամ «չմնալ անցյալի գերին»։

Գեղեցիկ փաթեթավորված այդ կոչերի տակ թաքնված է հիշողության մահաբեր ներարկումը։ Երբ ստամոքսը դառնում է ավելի կարևոր, քան հուշը, ազգը դադարում է գոյություն ունենալ որպես քաղաքակրթական միավոր՝ վերածվելով ընդամենը կենցաղային սպառողների խառնամբոխի։

Իր հանցավոր Reels-ով վարչապետ կոչվածը բացահայտ ուղերձ է հղում․

«Հերի՛ք է սգաք, եկեք ուտենք-խմենք, թռչկոտենք, երգենք-պարենք ու մոռանանք»։

Սա սոսկ զվարճանքի կոչ չէ, այլ հանրության դեմ ուղղված հոգեբանական հատուկ գործողություն՝ նպատակաուղղված հայի տեսակի վերափոխմանը։ Մենք գործ ունենք անպարագիծ բարոյական անկման հետ, որը դժվար է տեղավորել մարդկային տրամաբանության մեջ։

Սա ոչ միայն հավաքական հիշողության սպանդ է, այլև բացահայտ արժեքային դիվերսիա՝ ուղղված ազգային դիմադրողականության վերջնական կազմալուծմանը։

Ապրիլի 24-ի հաջորդ իսկ օրը Հայոց պետականության սիրտը համարվող Հանրապետության հրապարակում նման խրախճանք կազմակերպելը պետականակենտրոն մտածողության իսպառ բացակայության ցուցադրություն է։

Սա նվաստացուցիչ ուղերձ է թե՛ աշխարհին, թե՛ թշնամուն․ մենք ինքներս ենք հայտարարում, որ հայի համար սեփական արժանապատվությունն ու նահատակների սուրբ հիշատակը ստորադասվում են կենցաղային հաճույքներին։ Երբ պետության գլխավոր հրապարակը սգո լռությունից մի քանի ժամ անց վերածվում է «խորովածանոցի», մենք թշնամուն հուշում ենք մեր ամենաթույլ տեղը՝ հեշտությամբ գնվող ու վաճառվող հավաքական արժանապատվությունը

Երբ երկրի ղեկավար կոչվածը ժողովրդին առաջարկում է «հաց և տեսարան» այն օրերին, երբ ողջ ազգը պետք է լինի լռության, աղոթքի և պահանջատիրության համախումբ, դա կոչվում է բարոյական նիհիլիզմ։ Սա նպատակաուղղված փորձ է՝ արժեզրկելու ցանկացած սրբություն և հասարակությանը վերածելու անդեմ, հիշողությունն անվերադարձ կորցրած խառնամբոխի։

Մնեմոցիդը, որ ցեղասպանության վերջին ու ամենադաժան փուլն է, հաղթում է միայն այնտեղ, որտեղ տիրում են լռությունն ու անտարբերությունը։

Դահիճը հաշվարկել է ամեն ինչ՝ ստամոքսի գերակայությունից մինչև զվարճանքի մարմաջը, սակայն, հաշվի չի առել հայի գենետիկ հիշողության անկանխատեսելի կենսունակությունը։

Խորովածի ճենճահոտ ծուխը կարող է ժամանակավորապես մշուշել հայացքը, բայց այն անզոր է խեղդել դարավոր ցավն ու արդարության ծարավը նրանց հոգիներում, ովքեր դեռ գիտակցում են իրենց Տեսակը։

Քանի դեռ աշխարհում կա գոնե մեկ հայ, ում քիմքը մերժում է «խորոված փարթին», այն էլ սեփական ցավի հաջորդ օրը, քանի դեռ կա գոնե մեկ արթուն միտք, որը թույլ չի տալիս ջնջել իր պատմությունը, դահիճը պարտված է։

Մեր հավաքական հիշողությունը թաղված չէ ներքին թշնամու մանղալներին ծխացող չալաղաջի կտորների տակ. այն սպասում է իր տերերին։

Մնեմոցիդը կձախողվի այնտեղ, որտեղ կհանդիպի Արժանապատվության։

Մենք պարտավոր ենք հիշել, որպեսզի գոյություն ունենանք, և պարտավոր ենք տեսնել թակարդը, որպեսզի վերադառնանք մեր ակունքներին։

Հիշողությունը մեր վերջին ամրոցն է, իսկ արթնացումը՝ մեր վերադարձի միակ ճանապարհը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ